ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի հետ քննարկել է հանրապետությունում շտապօգնության համակարգի նորացման ծրագիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Նախարարը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը հյուրերին համակողմանիորեն ներկայացրել են Շտապօգնության արդիականացման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մեր հանրապետությունում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային շեշտել է, որ իր ներկայացրած կառույցը մեծ ուշադրություն է դարձնում առողջության պահպանման առաջնային օղակին և Ջաթինդեր Չիման մեծ փորձ ունի շտապօգնության ոլորտում տեխնիկական օժանդակություն տրամադրման և վերապատրաստումների կազմակերպման հարցերում:
Առաջարկվել է առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագիրը` ապագայում կոնկրետ աջակցության հնարավորությունները քննարկելու համար:-0-