Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից A/H1N1 գրիպի բուժման համար երաշխավորված «Տամիֆլյու» դեղամիջոցի լրացուցիչ խմբաքանակ է ծրագրվում ներկրել Հայաստան, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը։
«Տվյալ պահին Հայաստանում կա «Տամիֆլյու» դեղամիջոցի մոտ 7 հազար միավոր, սակայն մոտ ժամանակներս դրա քանակը կմեծանա»,- ասաց Գևորգյանը։ Միաժամանակ նա դժվարացավ նշել ներկրվելիք դեղամիջոցի ստույգ քանակը։
Գևորգյանը նշեց նաև, որ դեղամիջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել կանխարգելիչ նպատակներով։
«Այդ դեղը ոչ մի դեպքում չի կարելի ընդունել կանխարգելիչ նպատակներով, քանի որ այդ դեպքում արդեն «Տամիֆլյուն» արդյունավետ չի լինի, եթե մարդը վարակվի A/H1N1 գրիպով։ Այդ դեղամիջոցը կարելի է օգտագործել միայն հիվանդության ժամանակ, այսինքն՝ դեղամիջոցի կրկնակի օգտագործման դեպքում վիրուսը դրա նկատմամբ ռեզիստենտ է դառնում»,- նշեց Գևորգյանը։
Ներկայումս, ըստ առողջապահության նախարարության տվյալների, երկրում չի գրանցվել A/H1N1 հիվանդության որևէ դեպք։--0--