Խաղաղության կորպուսի կամավորների երդման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Չարենցավանում

13.08.2009, 19:38
Խաղաղության կորպուսի կամավորների երդման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Չարենցավանում

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 17–րդ խմբի երդման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Չարենցավանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից։  

Միջոցառման  ժամանակ թվով 44 Խաղաղության կորպուսի կամավոր փորձեցին կիսել իրենց ձեռքբերումներն այս կարճ ժամանակահատվածում։ «Կամավորները ներկայացրեցին հայերեն լեզվով երգ և կիսեցին իրենց տպավորությունները հյուրընկալող ընտանիքների, ինչպես նաև մշակույթի, սովորությունների,  լեզվի և իրենց ապրած հրաշալի պահերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։   

Նախքան իրենց համայնքներում երկամյա աշխատանքի անցնելը, ԽԿ կամավորները մասնակցել են տասնմեկ շաբաթյա դասընթացի, որի ընթացքում ուսումնասիրել են հայոց լեզուն, հայ մշակույթը և անցել մասնագիտական ու անվտանգության դասընթացներ, որի նպատակն է կամավորներին նախապատրաստել երկամյա ծառայության։

ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Յովանովիչն իր ողջույնի խոսքով բացեց ամենամյա դարձած միջոցառումը։

Կամավորներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ կմշակեն և կիրականացնեն համայնքային ծրագրեր ԽԿ–ի չորս ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում, համայնքի ու բիզնեսի զարգացում, առողջապահական և բնապահպանական կրթություն։

Խաղաղության կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992թ.-ից՝ ՀՀ կառավարության հրավերով: Սկսած այդ ժամանակահատվածից Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 600 կամավոր:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, նպաստել, որ այլ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին, օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները: -0-