ՀՀ պետական Գյուղատնտեսական համալսարանն իր մասնաճյուղն է բացում Շուշիում

12.08.2009, 19:57
ՀՀ պետական Գյուղատնտեսական համալսարանն իր մասնաճյուղն է բացում Շուշիում
ՀՀ պետական Գյուղատնտեսական համալսարանն իր մասնաճյուղն է բացում Շուշիում

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետական Գյուղատնտեսական համալսարանն իր մասնաճյուղն է բացում Ղարաբաղի Շուշի քաղաքում:

Ինչպես հայտնում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը, համապատասխան հրամանը, համաձայն որի թույլատրվում է Հայաստանի պետական ագրարային համալսարանին կազմակերպել ընդունելություն ԼՂՀ Ստեփանակերտի մասնաճյուղում Արցախի գյուղատնտեսության ու կրթության զարգացանը նպաստելու նպատակով, չորեքշաբթի ստորագրել է ՀՀ գիտության ու կրթության նախարար Արմեն Աշոտյանը:   

«Սահմանվել է վճարովի 175 տեղ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի: Ընդունելությունը կազմակերպվելու է մրցութային կարգով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը տեղակայված է լինելու Շուշի քաղաքում, որտեղ լայն թափով իրականացվում են ուսումնական մասնաշենքերի շինարարական աշխատանքները: Ինչպես նշում է ռեկտոր Ա. Թարվերդյանն` արդեն կատարվել են 25 մլն դրամի ներդրումներ:

«Նշված կարգավիճակով ընդունված առաջին կուրսեցիների ուսուցումը ժամանակավորապես կկազմակերպվի Հայաստանի պետական ագրարային համալսարանում մինչև մասնաշենքերի շահագործման հանձնելը:

Նշված կարգավիճակով ընդունվածների տեղափոխությունը ՀՀ այլ բուհեր, այդ թվում Հայաստանի պետական ագրարային համալսարան չի թույլատրվելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գիտակրթական խոշոր կենտրոններից մեկը` Հայաստանի պետական ագրարային համալսարանը (նախկին Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) հիմնադրվել է 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում: Իրենց հերթին այդ երկու բուհերը հիմնադրվել էին 1930 թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հենքի վրա:

ՀՊԱՀ-ի կրթական համակարգը ներառում է ցերեկային ուսուցման 6 ֆակուլտետ՝ ագրոնոմիական, պարենամթերքի տեխնոլոգիաների, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսական մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի:

Համալսարանում գործում է նաև մագիստրատուրա, ասպիրանտուրա, ագրոբիզնեսի դեպարտամենտ (հայ-ամերիկյան ուսումնական կենտրոն), հեռակա ուսւցման դեպարտամենտ, շարունակական ուսուցման, վերապատրաստման, լրացուցիչ կրթության և ստրատեգիական պլանավորման կենտրոն, հենակետային վարժարան և մարզային հոսքային դասարաններ, պետական գյուղատնտեսական քոլեջ:

2007 թ. հունվարի դրությամբ համալսարանն ունի 9870 ուսանող, դասավանդում են 627 դասախոսներ, այդ թվում, 72 դոկտոր և 290 գիտությունների թեկնածու: -0-