Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հավասարազոր զիջումների գնան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Զիջումները պետք է հավասարազոր լինեն. եթե կողմերից մեկը մի գյուղ է տալիս, ապա մյուսը ևս մի գյուղ պետք է տա»,- պարզաբանեց Բաբուխանյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների մասին՝ Բաբուխանյանը հայտարարեց, որ այդ սկզբունքները ենթադրում են տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ ԼՂՀ անկախ կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի համաձայնության դեպքում:
«Եթե «բրայզաներն» ու Ադրբեջանն ասում են, որ սկզբում պետք է լուծվի տարածքի հարցը և միայն հետո անցկացվի կարգավիճակի հարցով հանրաքվե, ապա սա արդեն կարգավորման սկզբունք չէ, այլ ճանապարհային քարտեզ: Նման տարբերակը մենք մերժում ենք»,- հայտարարեց քաղաքական գործիչը:
Նրա խոսքերով՝ ի պատասխան հայկական կողմը առաջարկում է իր ճանապարհային քարտեզը՝ հանրաքվեի անցկացում և ԼՂՀ անկախության ճանաչում, և միայն դրանից հետո որոշակի զիջումներ տարածքային հարցում՝ բացառությամբ Լաչինի ու Քելբաջարի:
«Այս տարածքներ կվերաբնակեցվեն Բաքվի, Սումգայիթի, Գետաշենի, Շահումյանի և այլ տարածքների հայերը, որտեղից նրանց տեղահան էին արել»,- ասաց Բաբուխանյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-