Ադրբեջանական հակերները կոտրել են ՀՀ պետական եկամուտների կայքը

11.08.2009, 10:31
Ադրբեջանական հակերները կոտրել են ՀՀ պետական եկամուտների կայքը
Ադրբեջանական հակերները կոտրել են ՀՀ պետական եկամուտների կայքը

Ադրբեջանական հակերները կոտրել են ՀՀ պետական եկամուտների կայքը (www.taxservice.am): Կոմիտեի պաշտոնական կայք մտնելիս՝ հայտնվում է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի լուսանկարը, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում դաժանաբար սպանելու համար ցմահ բանտարկության պատիժ է կրում Հունգարիայում:

Հակերները ներկայացել են որպես camoufl4g3: Լուսանկարի ներքևում անգլերեն գրված է՝ «Կանգնեցրեք անարդարությունը: Անաչառ եղեք Ռամիլ Սաֆարովի նկատմամբ»:

Ադրբեջանցի հակերները կոտրել են ֆիսկալ համակարգի հետ կապ ունեցող մեկ այլ կայք ևս՝ www.taxinfo.am-ը: Ռեսուրսի վրա գրոհել է այսպես կոչված հակահայկական վեբ նախագիծը՝ AzAttacker.org, որն ուղղակիորեն պահանջել է ազատ արձակել Սաֆարովին:

Մարդասպանի լուսանկարի ներքևում ադրբեջանցի հակերները գրառում են թողել, որն անպարկեշտ արտահայտություններ է պարունակում հայ ծրագրավորողների հասցեին:

2004-ի փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտ էր մեկնել՝ մասնակցելու անգլերենի դասընթացների, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց Հունգարիայի օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ պատժին՝ ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։--0—