Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Վերջերս, հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև շփումներն ակտիվացել են, և դրանք ուղղված են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասաց Բորդյուժան Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ընթացքում:
Նրա խոսքերով՝ այս ֆոնի ներքո նկատվում է նաև հանդիպումների ակտիվացում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակում:
«Ես մեծ հույսեր ունեմ, որ այս գործընթացն անդառնալի կլինի, և այդ հանդիպումները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների: Գիտեմ միայն մի բան, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Կովկասում, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ ուժի կիրառումը չի հանգեցնում պետությունների միջև գոյություն ունեցող այս կամ այն տարաձայնության կարգավորմանը: Միայն խաղաղ և փոխըմռնելի որոշումները կարող են խաղաղություն ապահովել Կովկասում», - հայտարարեց Բորդյուժան:
Նա նաև ավելացրեց, որ Մինսկի խումբը բավականին ակտիվ աշխատում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ նախագահների հանդիպումները կհանգեցնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-