Երևանը հերքում է ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին տեղեկատվությունը

06.08.2009, 13:45
Երևանը հերքում է ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին տեղեկատվությունը
Երևանը հերքում է ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 6 օգոսոսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Երևանը հերքում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Նովրուզ Մամեդովի կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով: 

«Մամեդովի մտքի վերջին գոհարները ևս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության, ցանկալին իրականության տեղ մատուցելու պատրանքի մասին, ինչը բազմիցս հրապարակայնորեն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

«Կարծեմ՝ վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի և Արդբեջանի նախագահների  ոչ մի հանդիպման և հետևապես չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության և բանակցային գործընթացի էության վերաբերյալ», - մեջբերեին Բալայանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-