ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ծառայության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Համաձայն հաղորդագրության՝ վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը քննարկել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը և տվել հավանություն: Իր հերթին դատարանը կքննի միջնորդությունը և կընդունի համապատասխան որոշում։
Արման Բաբաջանյանը ձերբակալվել էր 2006 թվականի հունիսի 26-ին և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու համար։ Ընդդիմությունը պնդում է, որ լրագրողին դատապարտել են իշխանությունների հասցեին արված քննադատության համար։ -0-