ՀՀ Արարատի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Վարդգես Հովակիմյանի գլխավորությամբ, հերթական անգամ այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան:
Ղարաբաղի շրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցության գործընթացը մեկնարկել է 2008 թ.-ին՝ երկու հայկական հանրապետությունների նախագահների հանձնարարությամբ: ԼՂՀ Մարտակերտի շրջանը բարեկամության և համագործակցության հիմք է դրել Հայաստանի Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի հետ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, գործընկերության և փորձի փոխանակման առաքելությամբ Մարտակերտի շրջան են այցելել ՀՀ Արարատի մարզի կրթության, մշակույթի և առողջապահության տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները:
Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտակերտցիների հուշարձանին և ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարում զոհված մարտիկների հուշարձանին:
Ի նշան երկու շրջանների բարեկամության՝ Մարտակերտում տեղադրվել է երկու խաչքար:
Մարտակերտի շրջկենտրոնի շենքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետագա գործնական քայլերի իրագործմանն ու համագործակցության խորացման ուղիներին վերաբերող հարցեր:
Մարտակերտ և Վեդի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության խորացման մասին հուշագիր:-0-