Հայաստանի տրանսպորտային խնդիրների լուծումն օգտագործվում է որպես քաղաքական լծակ. Ռիժկով
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կարծում է, որ Հայաստանի տրանսպորտային խնդիրների լուծումն օգտագործվում է որպես քաղաքական լծակ:
«Հայաստանը քսան տարի գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ: Դա ոչ երկու ամիս է և ոչ էլ երկու տարի, և այս ուղղությամբ հարցը չի լուծվում: Որքան խոչընդոտներ էին ստեղծվում Վրաստանի կողմից: Ես շատ եմ զբաղվել և զբաղվում եմ այս խնդրով և այնպիսի զգացողություն ունեմ, որ կան մարդիկ, ովքեր Հայաստանի տրանսպորտային խնդրի լուծումն օգտագործում են որպես քաղաքական լծակ՝ որևէ հարց տեղից շարժելու համար», - ասել է Ռիժկովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կազմակերպած Երևան-Մոսկվա ռադիոկամուրջի ժամանակ:
Նրա խոսքերով՝ այս հարցը քաղաքական լուծում է պահանջում, «այստեղ տնտեսությունը ոչինչ չի անի»:
«Պետք է քաղաքական լուծում լինի. Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը պետք է լուծեն այս հարցը: Եթե մենք այս հարցը լուծենք, ապա ամեն ինչ նորմալ կլինի», - ասել է Ռիժկովը:
Պատասխանելով այս խնդրի հեռանկարային լուծման մասին հարցին՝ ռուս դիվանագետն ասել է. «Տեսնենք՝ քաղաքական տեսանկյունից ինչ կլինի Վրաստանի հետ»:-0-