Ռիժկովը համոզված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղիները

04.08.2009, 13:17
Ռիժկովը համոզված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղիները
Ռիժկովը համոզված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղիները

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղիները:

«Համոզված եմ, որ մենք կգտնենք միասին դուրս գալու ուղիները, առավել ևս՝ Հայաստանի հետ: Ես անկեղծ չէի լինի, եթե խոսեի ԱՊՀ որևէ այլ երկրի մասին, իսկ Հայաստանի մասին ես խոսում եմ մաքուր խղճով», - ասել է Ռիժկովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կազմակերպած Երևան-Մոսկվա ռադիոկամուրջի ընթացքում: Նրա խոսքերով՝ միայնակ անհնար է դուրս գալ ճգնաժամից:

«Հասկացեք, որ Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև մյուս երկրները պարտավոր են որոշակի քաղաքականություն վարել, լրացնել միմյանց: Առանց այս ամենի ինչ-որ մեկը պարզապես կկորչի: Այսօր անհնար է նման հսկայական տնտեսական կապերով, որոնք վերաբերում են գրեթե ողջ տնտեսությանը, մնալ մի կողմում», - նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով՝ երկրների ուժեղ ինտեգրվածության պայմաններում ոչ ոք վակուումում չի ապրի:

Ռիժկովը նաև նշել է ժամանակակից պայմաններում գիտության մեծ դերը: «Առանց գիտության մենք հաջորդ փուլ չենք անցնի», - ասել է նա՝ ավելացնելով, որ արտադրության և գիտության զուգակցմանը վերաբերող հարցերը քննարկվել են մարտին կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, չնայած փոքր չափերին և բնակչության ոչ մեծ քանակին, հսկա գիտական ներուժ ունի, իսկ հանրապետությունում գոյություն ունեցող գիտական ինստիտուտները կարող են շատ բան անել արտադրության համար:-0-