ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ներկա փուլում նման է Դեյթոնյան գործընթացին, որը վերջ դրեց 90-ականների սկզբին Բոսնիայում և Հերցեգովինայում ընթացող պատերազմին, լրագրողներին հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
«Ղարաբաղի բանակցային գործընթացը ներկա փուլում հիշեցնում է Դեյթոնյան գործընթացը, որը հակամարտության կարգավորում է ենթադրում խոշոր տերությունների ազդեցության ներքո»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Շահնազարյանը Մամուլի ազգային ակումբում։
Հրադադարի, հակամարտող կողմերը բաժանելու և տարածքների զատման վերաբերյալ Դեյթոնյան համաձայնագրերը վերջ դրեցին Բոսնիայում և Հերցեգովինայում 1992-1995 թթ. ընթացող պատերազմին։ Փաստաթուղթը համաձայնեցվել է 1995 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի Դեյթոնի (Օհայո նահանգ) ռազմաբազայում, ստորագրվել 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում բոսնիացի մահմեդականների առաջնորդ Ալիյա Իզեթբեգովիչի, Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի և Խորվաթիայի նախագահ Ֆրանյո Թուջմանի կողմից։
Շահնազարյանի խոսքերով՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան այսօր չափազանց շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, և այդ երկրների միջև արդեն փոխադարձ համաձայնություն գոյություն ունի այդ հարցի շուրջ։
«Օբամա-Մեդվեդև վերջերս կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հարցին, և կողմերը վերջնական որոշման են եկել այս խնդրի վերաբերյալ՝ ելնելով իրենց ազգային և պետական շահերից»,- ասաց քաղաքական գործիչը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-