Բաթումի-Երևան գնացքը բախվել է ընկած էլեկտրասյանը, զոհեր և վիրավորներ չկան
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բաթումի-Երևան գնացքը բախվել է ընկած էլեկտրասյանը, զոհեր և տուժածներ չկան:
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, հուլիսի 29-ին «Վանաձոր երկաթգծի կայարան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ժամը 00.05-ի սահմաններում հորդառատ անձրևից Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2 կմ-ում, թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա և այն տապալել երկաթգծին:
«Տեղական ժամանակով ժամը 02.35-ին Բաթումի-Երևան գնացքի էլեկտրաքարշը բախվել է ընկած սյանը: Գնացքի վագոններն այլ էլեկտրաքարշով տեղափոխվել են «Գյումրի» կայարան: Զոհեր և վիրավորներ չկան», - ասվում է տեղեկատվության մեջ:
Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում ժամը 08.00-ի սահմաններում գնացքների երթևեկությունը վերականգնվել է:-0-