Շվեդերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը տեղի ունեցավ Ազգային գրադարանում

29.07.2009, 16:32
Շվեդերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը տեղի ունեցավ Ազգային գրադարանում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Պողոս Արոյի կազմած շվեդերեն-հայերեն բառարանը չորեքշաբթի ներկայացվեց Հայաստանի Ազգային գրադարանում։

Բառարանի հեղինակի խոսքերով` շվեդերեն-հայերեն բառարանին նախորդել է հայերեն-շվեդերեն բառարանը, որը նա կազմել է 2007 թվականին։

«Շվեդերեն-հայերեն բառարանի աշխատանքները ես իրականացնում եմ արդեն վեց տարի։ Բառարանն ընդգրկում է 30 հազար բառ, որոնք ես առանձնացրել եմ որպես առավել հաճախ օգտագործվող։ Բառարանները կազմելիս ես օգտվել եմ հայերեն և շվեդերեն բացատրական բառարաններից»,- տեղեկացրեց Արոն։

Նա նշեց նաև, որ բառարանը հրատարակվել է այս տարի Ստոկհոլմում 600 տպաքանակով։

«Շվեդիայի հայկական համայնքն ընդգրկում է 5000- 7000 մարդ, և մենք մշտապես բախվում ենք թարգմանության խնդիրներին։ Նման բառարանի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Այդ իսկ պատճառով ես, չլինելով լեզվաբան, լծվեցի այդ աշխատանքին»,- ասաց բառարանի հեղինակը։

Արոն տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս նախատեսում է ստեղծել հայ-շվեդերեն և շվեդերեն-հայերեն գրպանի բառարաններ։

Իր հերթին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ընդգծեց, որ այդ բառարանն առաջինն է իր տեսակի մեջ։

«Հուսով եմ, որ աշխատանքները սրանով չեն ավարտվի, և բառարաններն աստիճանաբար կլրամշակվեն և կհամալրվեն»,- ասաց Սարգսյանը։ -0-