ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մադրիդյան սկզբունքները պետք է պարունակեն ղարաբաղյան հակամարտության կողմերի սպառազինության համարժեք մակարդակին վերաբերող կետ, կարծում է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:
Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:
Զուգահեռ հրապարակվել են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնական սկզբունքները:
Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։
«Խոսք պետք է լինի Զինված ուժերի էական կրճատման մասին։ Եթե ենթադրենք, որ կողմերը համաձայնության են եկել, բայց սպառազինության մակարդակների տարբերությունը զգալի է, ապա տվյալ իրավիճակը չի կարող որևէ կերպ վստահություն ներշնչել հակամարտության կողմերին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում նշեց Հարությունյանը։
Նա նշեց, որ մադրիդյան սկզբունքներն արտացոլում են ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման ուղղությամբ որակային փոփոխությունները՝ ի տարբերություն նախորդ փաստաթղթերի։
Հարությունյանի խոսքերով՝ եթե չլինի սպառազինության համարժեք մակարդակ, հակամարտության ոչ մի արդարացի լուծում ակնկալել չարժե։ Միաժամանակ նա նշեց, որ խոսելով հիմնախնդրի արդարացի լուծման մասին՝ պետք է հասկանալ, որ դա այնպիսի կաևգավորում է, որը բացառում է հետագայում դրա հնարավոր վերսկսումը։
Կուսակցության ղեկավարը նաև անընդունելի համարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Լոնդոնում արած հայտարարությունը՝ «Ղարաբաղը վերադարձնելու համար ռազմական գործողություններ վերսկսելու պատրաստակամության մասին»։
«Եթե ավելի վաղ ասում էին, որ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում ներքին օգտագործման համար, ապա Լոնդոնում արված հայտարարությունները պետք է անհանգստացնեն ոչ միայն Հայաստանին, այլև ողջ միջազգային հանրությանը»,- կարծում է Հարությունյանը։
Բացի այդ, նրա խոսքերով, Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է միջազգայիօն պայմանագրերով սահմանված սպառազինման քվոտաները։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-