ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը նախօրեին ընդունել է «Հանդուրժողականություն մշակութային և կրթական երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցող հայ և թուրք երիտասարդներին։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:
Ծրագիրն իրականացնում է «Ապագան քոնն է» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք երիտասարդների մշակութային և կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության և բարյացկամության մթնոլորտ` աջակցելով երկու երկրների միջև սկսված երկխոսությանը:
Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումներին:-0-