ՀՀ նախագահը կողմ է հայ-սերբական հարաբերությունների ակտիվացմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկուշաբթի ընդունելով Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանևացի (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերը, նշել է հայ-սերբական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
«Հայաստանն ու Սերբիան ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ և դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր», - մեջբերել են ՀՀ նախագահի խոսքերը նախագահի մամուլի ծառայությունից:
Այդ առումով ՀՀ նախագահը մեծ կարևորություն է տվել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի պաշտոնական այցին Հայաստան, որը մեկնարկում է այսօր՝ հուլիսի 28-ին:
Շեշտելով հայ և սերբ ժողովուրդների պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններն ու փոխադարձաբար ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ` ՀՀ նախագահը երախտագիտությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար դժվարին պահերին սերբ ժողովուրդը մշտապես աջակցության ձեռք է մեկնել:
«Մենք երբեք չենք մոռանա 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալներին օգնության շտապող ավիավթարի զոհ դարձած հարավսլավացի օդաչուներին», -ընդգծել է Սարգսյանը:
Հանրապետության նախագահն ու նորանշանակ դիվանագետը քննարկել են տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի համալրման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, միջազգային կառույցների շրջանակում փոխործակցության ակտիվացման հետ կապված հարցեր:
Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Դեսպան Ժուպանևացը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` երկու երկրների միջև համակողմանի փոխգործակցության զարգացման համար:-0-