ԼՂՀ ներկայիս ստատուս-քվոն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք է պարունակում, կարծում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«ԼՂՀ-ի ներկայիս ստատուս-քվոն հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով: Հայկական կողմերին ավելի ձեռնտու կլիներ անվտանգության ավելի ուժեղ երաշխիքների՝ ԼՂՀ-ի կարգավիճակի, Հայաստանի հետ ցամաքային կապի առկայությունը: Այդ դեպքում դա կբացառեր ռազմական գործողությունների վտանգը», - հայտարարել է Քոչարյանը նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ինչպես ընդգծել է փոխնախարարը, ԼՂՀ ժողովրդի՝ այժմ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները ձեռք են բերվել ծանր գնով, և եթե «ինչ-որ բան պետք է փոխվի, ապա դա չպետք է հանգեցնի անվտանգության երաշխիքների նվազեցման»:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների մասին՝ Քոչարյանը տեղեկացրել է, որ չարժե դիտարկել համաձայնագրի մի մասը հիմնական տեքստից զատ: Նա կարծում է, որ եթե համաձայնագիրը հավանության արժանանա, ապա այն կլինի փաթեթային, ինչից հետո հնարավոր է դրա դրույթների աստիճական իրագործումը:
Հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, նախատեսում են ազատ կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի սահմանում, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, անվտանգության երաշխիքների տրամադրում, վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերում:
Անդրադառնալով ԼՂՀ-ի մերձակա տարածքների հնարավոր վերադարձի մասին հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ԼՂՀ-ին վերաբերող ոչ մի հարց չի կարելի լուծվել առանց նրա մասնակցության:
«ԼՂՀ-ի Սահմանադրությունը սահմանում է, որ մինչ ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության միջազգային ճանաչման և վերականգնման, սահմանների ճշտման հանրապետության իշխանությունների իրավասությունը տարածվում է նաև այդ տարածքներում: Որևէ տարածքի վերադարձի հնարավորության հարցը շատ սուր է, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ գնով է ամեն ինչ ձեռք բերվել, անվտանգության ինչ երաշխիքներ են նրանք տալիս», - նշել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-