21-րդ դարի երկու հարյուր նշանավոր հայերի մասին պատմող գիրք է հրատարակվել Ֆրանսիայում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր, ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ» գիրքն է հրատարակվել Մարսել քաղաքում «Հայկական կենսագրական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Ինչպես նշվում է Հանրապետության սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, նշված գրքի նախաձեռնողը և հեղինակը հայ գիտնական Ռոբերտ Բախչաջյանն է։
Ըստ նրա հավաստման` կենտրոնի ստեղծման և գրքի հրատարակման նպատակը հայազգի նշանավոր անհատներին, գիտության և մշակույթի գործիչներին աշխարհին ներկայացնելն է: Մոտ 200 կենսագրական ներառող գիրքը երկլեզու է (հայերեն ու անգլերեն) և հրատարակվել է 400 օրինակ տպաքանակով:
«Մինչև այս աշխատանքն սկսելը հաճախ եմ զգացել այսպիսի հատորի կարիքը: Շատ հաճախ ափսոսանք եմ ապրել, որ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ինչպես հայրենակիցները, այնպես էլ օտարներն անտեղյակ են ժամանակակից նշանավոր հայերի գործունեությանը», - նշեց պարոն Բախչաջյանը:
Նա պարզաբանեց, որ կենսագրականները կազմվել են Հայկական կենսագրական կենտրոնի կազմած հարցաթերթերին տրված պատասխանների հիման վրա: Այն դեպքերում, երբ հարցաթերթն անպատասխան է մնացել, օգտագործվել են տեղեկատվական բաց աղբյուրների տվյալները:
«21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր, ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ» գիրքը մատենաշարի առաջին հատորն է: Գիրքն ըստ պահանջարկի և հետաքրքրույթյան տարածվելու է Հայաստանում, Սփյուռքում, տրամադրվելու է արատասահմանյան գրադարաներին:
Ռոբերտ Բախչաջյանը ծնվել է 1957թ., Գյումրիում: 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, այնուհետև ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում զբաղվել գիտական աշխատանքով: 1996թ. գիտաշխատանքը շարունակել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում և Էքս-Մարսելի երրորդ համալսարանում: Խորհրդային Հայաստանում 1986թ. Բախչաջյանի ստացած գիտությունների թեկանծուի աստիճանը Ֆրանսիայում համարժեք է համարվել դոկտորի աստիճանին (1997թ): Նրա գիտական մշակումների արդյունքները կիրառվում են քիմիայի արդյուանաբերության արտերկրի հեղինակավոր ընկերությունների կողմից: -0-

