ԱՄՆ հայկական համայնքի կողմից դրսևորված ակտիվությունը, Հայաստանի և Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներին, միջազգային հանրության ներկայացուցիչներին ուղղված հայտարարությունները և ուղերձները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա և, մասնավորապես, նպաստել այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավմանը, ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տնօրեն Արփի Վարդանյանը:
Հուլիսի 17-18-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ ԱՀՀ-ի կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է ԱՀՀ-ի պահանջի մասին՝ հնարավորինս շուտ ապահովել բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցությունը:
Վարդանյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացում հեռանկարային է համարում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն ու բանակցային գործընթացին ԼՂՀ-ի միանալը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ նրա նախընտրական արշավի ընթացքում արված խոստումների կատարման կապակցությամբ Վարդանյանն ասաց, որ Ամերիկայի հայկական համագումարը վճռական է տրամադրված՝ միաժամանակ հրաժարվելով կանխատեսել այդ պահանջների ելքը:
«Ոչ միայն որպես սփյուռքի ներկայացուցիչ, այլև որպես ԱՄՆ քաղաքացի՝ ես իրավունք ունեմ պահանջել ԱՄՆ նախագահից կատարել սեփական խոստումները, որոնք վերաբերում են «ղարաբաղյան խնդրի վերջնական լուծմանը, որն ընդունելի կլինի հակամարտող բոլոր կողմերի համար՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»», - ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-