Հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել, «Նովոստի-Արմենիա» գործակալությնաը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց նրան Երևանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Սկապինիի պաշտոնավարությունը կնպաստի երկկողմ համագործակցության ակտիվացմանը:
Աբրահամյանը կարևորեց Իտալիայի` Եվրամիության առաջատար անդամներից մեկի հետ Հայաստանի համագործակցության զարգացումը և հույս հայտնեց, որ Իտալիան կնպաստի Հայաստանի եվրոպական իղձերի իրականացմանը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը` նպաստելով երկու երկրների գործարարների շփումներին:
Վկայակոչելով տնտեսական փոխշահավետ համագործակցության արդեն արձանագրված հաջողությունները` նրանք համաձայնեցին, որ այդ բնագավառում անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործվի առկա մեծ ներուժը:
Զրուցակիցները նաև քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջև շփումներն աշխուժացնելու հեռանկարները և մշակույթի բնագավառում համագործակցության ծրագրերը: Հանդիպման ընթացքում նրանք նաև անդրադարձան Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցերին:
Ամփոփելով զրույցը` Աբրահամյանը դեսպան Սկապինիին մաղթեց հաջողություններ իր ձեռնարկումներում և բեղմնավոր աշխատանք ի բարօրություն Հայաստանի և Իտալիայի բարեկամ ժողովուրդների:-0-