«Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարությունում

22.07.2009, 17:00
«Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարությունում
«Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարությունում

«Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարությունում:

Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանում անցկացվող հրատարակիչների մրցույթի արդյունքներն արդեն երկրորդ անգամ ամփոփվեցին մայիսի վերջին։

«Մրցույթի կազմակերպումն ուղղված է Հայաստանում գրահրատարակչության որակի բարձրացմանը, գրքարվեստի զարգացմանը, հրատարակիչների միջև համագործակցության և մրցունակության խթանմանը»,- ասաց Միլիտոնյանը։

Նրա խոսքերով, մրցույթին ներկայացվել է 32 գիրք, որից պրոֆեսիոնալ ժյուրին գաղտնի քվերակության միջոցով սահմանել է 21 հրատարակություն յոթ անվանակարգում՝ «Իմ Հայրենիքը», «Մեր ժամանակակիցը», «Արվեստի գիրք», «Հետաքրքիր ճակատագրի գիրքը», «Գիրք մանուկների համար», «Հրատարակվել է Հայաստանում», «Գլխավոր մրցանակ»։

«Այս մրցույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հրատարակչական գործը Հայաստանում շարունակում է իր գոյությունը և զարգանում է արագ տեմպերով»,- ընդգծեց Հրատարակչական գործի գործակալության պետը։

Միլիտոնյանը հայտնեց նաև, որ երկու գիրք՝ Գագիկ Բաղդասարյանի «Երևան» ալբոմը, որը հաղթեց «Հրատարակվել է Հայաստանում» անվանակարգում, և Վան Խաչատուրի «Գույնը 4-19-րդ դարերի հայ ճարտարապետությունում», ներկայացվել են ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթին և առաջին աստիճանի դիպլոմի են արժանացել։

ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն իր հերթին նշեց, որ մրցույթը 2012 թվականին հայ տպագրության 500-ամյակը նախանշող միջոցառումներից է։

«Մեր խնդիրն է պահպանել մեր բազմադարյա տպագրական արվեստը և սերունդներին փոխանցել դրա լավագույն ավանդույթները»,- ասաց Մուրադյանը։ -0-