Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը պարտություն կկրի. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը պարտություն կկրի, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և չկա որևէ փաստաթուղթ, համաձայն որի՝ Ադրբեջանը պարտավորվում է չսկսել պատերազմ: Նման պայմաններում մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի», - նշեց Բաբայանը:
Նա ձեռնպահ մնաց հայկական բանակի մարտունակության մասին գնահատականից, սակայն համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը, վերջիվերջո, պարտություն կկրի այդ պատերազմում:
«Պատերազմը հաղթում են ոչ զենքի կամ բանակի քանակով, կան այլ կարևոր գործոններ, որոնք ադրբեջանական կողմը հաշվի չի առնում», - ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացող բանակցային գործընթացի մասին՝ Բաբայանն ընդգծեց, որ անհնար է համարում այս պահին որևէ փաստաթղթի ստորագրումը:
«Բաքուն փաստացի արգելափակում է բանակցային գործընթացը՝ չցանկանալով գնալ զիջումների», - նշեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը:
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-