Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում չկան հայկական կողմի մտահոգությունն առաջացնող տարրեր, երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ Ազգային անվտանգության խորհրդի նաօրեին տեղի ունեցած նիստի ընացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱՊՀ անդամ-երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքները:
«Չնայած հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունների առկայությանը՝ այնուամենայնիվ ցանկանում եմ նշել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է կայուն հունով», - ասել է Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հայկական կողմից պարբերաբար բարձրաձայնվող երեք հիմնական ասպեկտները մնում են բանակցությունների ուշադրության կենտրոնում, որոնք շարունակվում են մադրիդյան սկզբունքների շրջանակում:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի համար երեք հիմնական, հեռանկարային սկզբունքներն են ԼՂՀ-ի կարգավիճակը, հակամարտության կարգավորման դեպքում անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումն ու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ուղիղ կապը:
«Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը նորմալ է ընթացել, կա դրական տեղաշարժ, և բանակցությունները շարունակվում են, քանի որ խոսքը ինչպես մադրիդյան սկզբունքների, այնպես էլ այդ սկզբունքներով պայմանավորված այլ հարցերի մասին է, որոնք ևս ենթակա են քննարկման», - ասել է Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և փոխզիջումների իրագործման կողմնակից է:
«Մինչ այժմ մեր մտահոգությունն առաջացնող որևէ տարր գոյություն չունի: Ընթանում է սովորական բանակցային գործընթաց, որը շարունակվում է: Բնական է, որ նախագահների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յուրաքանչյուր հանդիպում և համանախագահների կողմից տարածաշրջան կատարած յուրաքանչյուր այց նպաստում է բոլոր հարցերի աստիճանական քննարկմանը», - ասել է Բաղդասարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-