Ընթացիկ տարեվերջին Հայաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները կմեկնեն Աֆղանստան, տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Խորհրդային ժամանակներում Աֆղանստանում ծառայություն անցած բազմաթիվ զինվորականներ հերթի են կանգնած և կամենում են կրկին այնտեղ ծառայության մեկնել»,- երեքշաբթի ասաց Օհանյանը լրագրողներին Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգևատրման շրջանակներում։
Նախարարի խոսքերով՝ խաղաղապահների՝ Աֆղանստան ուղարկելու ուղղությամբ բանակցություններ են տարվում Գերմանիայի Զինված ուժերի ղեկավարության հետ։
Օհանյանը հիշեցրեց նաև, որ հունիսի 22-24-ը Բեռլինում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցել է խաղաղապահ ուժերի՝ Աֆղանստան ուղարկելուն առնչվող պլանավորմանը։
Միաժամանակ նախարարը չհստակեցրեց Աֆղանստան մեկնող խողաղապահների թիվը։
Ինչ վերաբերում է Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի համալրման գործընթացին, Օհանյանը նշեց, որ ավարտին է մոտենում տվյալ գործընթացի երկրորդ փուլը։
«Մենք արդեն մի քանի ստորաբաժանում ենք համալրել, հաջորդ տարի այդ գործընթացը կշարունակվի»,- ասաց նախարարը։
Միաժամանակ Օհանյանը նշեց, որ ելնելով սոցիալական դժվարություններից՝ խաղաղապահ բրիգադի համալրման գործընթացը բախվում է որոշակի բարդությունների հետ, սակայն հայկական կողմը ժամանակին կատարում է իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները խաղաղապահ առաքելության իրականացման առնչությամբ։ -0-