Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասն է համարում. նախագահ

21.07.2009, 13:18
Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասն է համարում. նախագահ

Հայաստանը անկախությունից ի վեր մշտապես կարևորել է Եվրամիության հետ հարաբերությունները, և այսօր էլ այն համարում է իր արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասը, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորած՝ ԵՄ «Եռյակի» պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, համոզմունք հայտնելով, որ Եվրամիությունում Շվեդիայի նախագահության օրոք կամրապնդվեն Արևելյան գործընկերության հիմքերը` Սարգսյանն ասել է, որ այս գործընկերությունը հնարավորություններ է տալիս խորացնել հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաև համագործակցություն ծավալել Արևելյան վեցնյակի միջև: 

«Այն, որ դուք Ձեր նախագահությունը սկսում եք Հարավային Կովկաս այցելությամբ, խոսում է մեր տարածաշրջանի, մեր երկրի  հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: Մենք սա համարում ենք տրամաբանական, քանի որ Շվեդիան կանգնած է Եվրամիության Արևելյան գործընկերության ակունքներում», - ասել է Սարգսյանը:

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հերթին նշել է, որ ինչպես իրավացիորեն նկատել է ՀՀ նախագահը, Շվեդիայի նախագահության առաջին այցելությունը Հարավային Կովկաս է և շեշտել է, որ սա ցույց է տալիս այն կարեւորությունը, որ իրենք հատկացնում ենք տարածաշրջանին, նրա խնդիրներին և Արևելյան գործընկերությանը:

Կողմերը հանգամանորեն քննարկել են նաև ԵՄ-Հայաստան օրակարգային հարցերը, մասնավորապես անդրադարձել են ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորություններին, տնտեսական փոխգործակցության հեռանկարին, խորացված ազատ առևտրի համաձայնագրի հետ կապված խնդիրներին:-0-