Հայկական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ, կիրակի երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի, շաբաթ օրը «Նովոստի-Արմենի» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, էկոնոմիկայի զարգացման նախարար Լաշա Ժվանիայի, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Տղեշելաշվիլիի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ:
«Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները կծավալվեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ», - ասվում է տեղեկատվության մեջ։
Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկային ընթացակարգերի վարչության պետ Գագիկ Քառյանը:-0-