Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդւպումը Մոսկվայում կառուցողական մթնոլորտում է անցել, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։
Առավոտյան առաջնորդները ներկա են եղել Ռուսաստանի նախագահի սահմանած մրցանակի համար ձիարշավին Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում, իսկ այնուհետև շարունակել են շփումը եռակողմ ձևաչափով մոսկովյան ռեստորաններից մեկում։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա՝ թվով չորրորդ հանդիպման ընթացքում Մեդվեդևը հաստատեց Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պատրաստակամությունը այսուհետ ևս գործադրել բոլոր ջանքերը ղարաբաղյան կարգավորման փոխընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասաց Պրիխոդկոն։
Երեք երկրների առաջնորդները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետագա ուղիները։ «Կայացավ երկար և, մեր կողմի գնահատականով, շատ կառուցողական հանդիպում, որի ընթացքում շարունակվեց մի շարք բաց հարցերի քննարկումը»,- հայտնեց Պրիխոդկոն։
«Նախագահներ Սարգսյանը և Ալիևն իրենց երախտագիտությունը հայտնեցին Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու նրա ջանքերի համար»,- հավելեց երկրի ղեկավարի օգնականը։ -0-