ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանին նախագահների մոսկովյան եռակողմ հանդիպումը որևէ նոր բան չի ավելացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ երեկ կայացած հանդիպմանը, կարծում է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Կարծում եմ, որ երեք նախագհների այսօրվա հանդիպումից չարժե որևէ նոր բան ակնկալել, այն ոչինչ չի ավելացնի պետությունների ղեկավարների՝ երեկ կայացած հանդիպմանը», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանոյանը:
Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում 3,5 ժամանոց բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այսօր ծրագրված է երկու պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հայ դատի ներկայացուցիչն ասաց, որ դատելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեկվա հանդիպման մասին տեղեկատվությունից՝ հանդիպման ժամանակ լուրջ առաջընթաց չի գրանցվել, սակայն նախագահները հանձնարարել են ԱԳ նախարարին այս տարվա աշնանը նախապատրաստել նախագահների հանդիպումը:
«Դա նշանակում է, որ մինչ դա կաշխատեն միջնորդներն ու ԱԳ նախարարները», - ասաց Մանոյանը:
Նրա խոսքերով, Մոսկվայում կայացած հանդիպման հետ բավականին լուրջ ակնկալիքներ էին կապում, մասնավորապես՝ միջնորդները, ովքեր ակնկալում էին, որ բանակցություններում լուրջ առաջընթաց կարձանագրվի: «Սակայն ամերիկացի համանախագահ Բրազյան բանակցություններից հետո ասաց, որ նման առաջընթաց չի եղել, և նոր կետերի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել, թեպետ բանակցությունները սկսել են վիճելի, խնդրահարույց հարցերից», - նշեց Մանոյանը:
Նա հիշացրեց, որ հանդիպման նախօրեին ՀՅԴ-ն հուլիսի 10-11-ին Ստեփանակերտում համահայկական համաժողով էր կազմակերպել, որը պատահական չէ, որ համընկել էր երկու նախագահների հանդիպման ժամանակացույցի հետ: Մանոյանի կարծիքով, վերջերս հայկական կողմի վրա բավականին մեծ ճնշում էր գործադրվում, իսկ համաժողովը գրավեց հանրության ուշադրությունը ղարաբաղյան խնդրի նկատմամբ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-