ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը շաբաթ օրը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, լրագրողներին է տեղեկացրել ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Նրա խոսքերով, բանակցությունների արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չի ծրագրվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ուրբաթ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների զրույցը: Սկզբում Սարգսյանն ու Ալիևը հանդիպումն անցկացրել են ընդլայնված կազմով, որին ներկա են եղել երկրների ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այնուհետև հետևել է նախագահների առանզնազրույցը, որից հետո համանախագահները հանդիպել են երկու երկրի արտգործնախարարների հետ:
Բանակցությունների հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ 2007թ.-ին կնքված Մադրիդյան համաձայնագրի սկզբունքների քննարկումն էր: Սարգսյանն ու Ալիևը հանձնարարել են երկու երկրի ԱԳ նախարարներին միջազգային միջնորդների հետ համատեղ այս աշնանը նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Սարգսյանի և Ալիևի այս հանդիպումը ուղիղ բանակցությունների վեցերորդ ռաունդն էր, որոնք սկսվել են 2008թ.-ի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման լավ հնարավորություններ: Այս հակամարտության հանգուցալուծումը գտնվում է, միգուցե, ամենաառաջատար փուլում, նախորդ շաբաթ լրագրողներին է հայտարարել Մեդվեդևը: Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «միմյանց բավականին լավ են լսում և հասկանում»:
ԵԱՀՄ ՄԽ համանախագահ-երկրներ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որի շրջանակներում 1992թ.-ից ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, մինչև 2010թ.-ի սկիզբը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրի ձեռքբերման հույս ունեն: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ուրբաթ տեղեկացրել է, որ «բանակցություններն այսօր ընթանում են շատ լուրջ մակարդակի վրա»:
Կրեմլում այս հանդիպման գլխավոր նպատակը են համարում երկու երկրի դիրքորոշման մերձեցման անհրաժեշտությունը: ՌԴ նախագահի օգնականի խոսքերով, այս գործընթացին դրական ազդակ կհաղորդի հուլիսի 10-ին Իտալիայում «ութնյակի» գագաթնաժողովին ընդունված ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
Փաստաթղթի համաձայն՝ այս երեք երկրները Բաքվին և Երևանին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող վերջին առաջարկությունների թարմացված տարբերակը:
Հայտարարությունում Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հաստատել են «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը»։
Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:-0-