Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոսկովյան բանակցությունները երեքուկես ժամ են տևել. հեռուստատեսություն
Ուրբաթ Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնք նվիրված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին, տևել են ավելի քան 3,5 ժամ, ուրբաթ հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
«Բանակցությունների հիմնական թեման մադրիդյան սկզբունքների քննարկումն էր: Սովորաբար բանակցություններին հաջորդում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և երկու երկրի ԱԳ նախարարների ճեպազրույցը, սակայն այս անգամ որևէ հայտարարություն չարվեց, և բանակցություններից հետո կողմերը հեռացան», - հաղորդում է հեռուստատեսությունը:
Այնուամենայնիվ, լրագրողները հասցրեցին նկատել, որ Ադրբեջանի նախագահը հոգնած տեսք ուներ և ինչ-որ բանով մտահոգված էր, ինչը չէր կարելի ասել նախագահ Սարգսյանի մասին, ով առույգ տեսք ուներ:
ԵԱՀՄ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ՀՀՀ-ին ասել է, որ բանակցությունների արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում:
Մոսկվայում կայացած հանդիպումը վերջին 13 ամսվա ընթացքում նախագահների արդեն վեցերորդ հանդիպումն է:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-