Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մայնդորֆյան հռչակագիրը վերանայման կարիք ունի:
Մերձմոսկովյան Մայնդորֆ դղյակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրված հռչակագրում նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, նաև հանձնարարեցին ԱԳՆ ղեկավարներին՝ ակտիվացնել հետագա քայլերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Մայնդորֆյան հռչակագիրն անհրաժեշտ է վերանայել, քանի որ արդեն ձանձրալի է լսել այդ հռչակագրին միանգամայն հակասող՝ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները», - ուրբաթ լրագրողներին հայտարարեց Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից երեք օր անց Ադրբեջանի նախագահը Հռոմում հայտարարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ռազմական լուծման մասին՝ նման կերպով չեղյալ հայտարարելով հռչակագիրը:
Խոսելով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի մասնակցության խնդրի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ դրան հասնելու ամենաարագ միջոցը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-