Հայաստանի նախագահն ուրբաթ կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավարին

16.07.2009, 13:55
Հայաստանի նախագահն ուրբաթ կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավարին
Հայաստանի նախագահն ուրբաթ կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ կմեկնի Մոսկվա, որտեղ նույն օրը տեղի կունենան նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Հուլիսի 18-ին նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-