ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնում Իրանում ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին, որոնց թիվը, վերջին տվյալներով՝ կազմում է 168 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնում ընտանիքներին, ովքեր կորուստներ են ունեցել Թեհրանից Երևան չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ավիավթարի հետևանքով: Մենք աշխատում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան և Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան հետ՝ ինքնաթիռում ԱՄՆ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ», - ասվում է «ՌԻԱ Նովոստիին» փոխանցված ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իանա Քելլի հայտարարության մեջ:
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:--0-