Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Տու-154 ինքնաթիռի ավիավթարի պատճառների ուսումնասիրման և անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
«Նախագահները պայմանավորվել են ավիավթարի պատճառների ուսումնասիրման և անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ», - ասվում է տեղեկատվության մեջ:
ՀՀ նախագահն Իրանի իր պաշտոնակցին ցավակցել է տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մեծ թվով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Իր հերթին Մահմուդ Ահմադինեժադը ցավակցել է իր հայ գործընկերոջը:-0-