ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Իրանում Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Հարգելի հայրենակիցներ, այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների` աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաև մեր հայրենակիցները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Մենք չենք կարող հետ բերել կորուստները և մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին»«- ընդգծել է նախագահը:
Երկրի ղեկավարի ուղերձում ասվում է, որ դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: «Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով և արիություն»,- ասվում է նախագահի ուղերձում:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի արդյունքում զոհվել է Հայաստանի վեց քաղաքացի, ընդհանուր առմամբ զոհերի ցուցակներում նշվում է 35 հայկական ազգանուն:
Վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է նաև Վրաստանի երկու քաղաքացի, մյուսները Իրանի քաղաքացիներ են:
Բացի այդ, ինքնաթիռի ուղևորների մեջ եղել է երկու երեխա, որոնց ազգային պատկանելությունը ճշտվում է:
Վթարի պահին ինքնաթիռում եղել է 153 ուղեևոր և անձնակազմի 15 անդամ-0-