Ղարաբաղյան կարգավորման «Մադրիդյան առաջարկները» ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականության բացթողումների արդյունք են, կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Այս տարիների ընթացքում ադրբեջանական կողմը կարողացավ ձևակերպել ու միջազգային հանրությանը ներկայացնել հիմնահարցի լուծման իր մոտեցումները, այս համատեքստում Հայաստանն ու ԼՂՀ-ն բացթողումներ են արել»,- չորեքշաբթի նա հայտարարեց լրագրողներին:
Մելիքյանի խոսքերով՝ ինչպես բանակցությունների առաջին փուլում, որը տևեց մինչև 1998 թ.-ը, այնպես էլ երկրորդում, որն ընթանում է այժմ, միջնորդների առաջարկները նույնն են՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի փախստականների վերադարձ և ԼՂՀ կարգավիճակի հետաձգված որոշում: Ընդ որում՝ բացարձակապես չի հիշատակվում հայ փախստականների հարցը:
Նա նշեց, որ նման մոտեցմանը օգնում են նաև ՀՀ և ԼՂՀ որոշ ներկայացուցիչներ, որոնք իրենց հայտարարություններում հաստատում են, որ իրենց համար առաջնայինը ղարաբաղի կարգավիճակի հարցն է՝ ապագային թողնելով փախստականների հարցը, չնայած նրա կարծիքով, հայ փախստականների խնդիրը ընդհանուր Ղարաբաղյան հիմնահարցի մի մասն է, և այն կարելի էր օգտագործել բանակցային գործընթացում:
Այս բացթողումները բանակցային գործընթացում, Մելիքյանի կարծիքով, գալիս են ինչպես հայկական կողմի պասիվությունից, այնպես էլ փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասից, սեփական ռեսուրսների թերագնահատումից:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-