Հրատապ. Caspian Airlines ավիաընկերության հայկական ներկայացուցչությունը տվյալների չի տիրապետում վթարի ենթարկված Ту-154 ինքնաթիռի տեխնիկական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Caspian Airlines ավիաընկերության հայկական ներկայացուցչությունը՝ «Տաթև տուր» տուրօպերատորը, չունի տվյալներ վթարի ենթարկված Ту-154 ինքնաթիռի տեխնիկական վիճակի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց աղբյուրը «Տաթև տուրից»։
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ինքնաթիռի տեխնիկական զննումն ու սպասարկումն իրականացվում է բացառապես Իրանում։
Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվում էր 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: «ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:
Ինչպես հայտնեց գործակալության զրուցակիցը, ներկայումս «Տաթև տուրը» զբաղվում է այն ուղևորների տեղավորմամբ, ովքեր պետք է այդ չվերթով Երևանից մեկնեին հետ Թեհրան, ինչպես նաև հոգեբանական օգնություն տրամադրելով։ --0--