ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունն ընդհանուր առմամբ արտացոլում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշումը, կարծում է փորձագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
«Երեք նախագահների հայտարարությունը կարելի է դասել Հայաստանի և ԼՂհ համար շահավետ փաստաթղթերի թվին»,- ասաց Մանասյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:
Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:
Զուգահեռ հրապարակվել են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնական սկզբունքները:
Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Քաղաքագետը նշեց նաև, որ, այնուամենայնիվ, պետք չէ այդ հայտարարությանը շատ մեծ նշանակություն տալ, քանի որ այն ոչ մի իրավաբանական հետևանք չունի»:
Նրա խոսքերով՝ ներկայացված առաջարկներում ոչ միանշանակ մեկնաբանությունների տեղիք տվող շատ դրույթներ կան, ինչպես նաև լրամշակման ու մանրամասնման ենթակա կետեր կան:
«Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի համաձայնագիր չի կարող ընդունվել առանց ԼՂՀ մասնակցության»,- ասաց Մանասյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-