Երեքշաբթի Երևանում, «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» երրորդ տարածաշրջանային ֆորումը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքերով, «Ռեժիսորներ առանց սահմաննների» նախագծի շրջանակներում երեք տարվա աշխատանքից հետո եկել է արդյունքներն ամփոփելու պահը: «Եկել է պահը այս նախագծով ավելի լուրջ զբաղվելու, այն ավելի լուրջ և խորը դարձնելու համար», - ասաց Խաչատրյանի ֆորումի բացման ժամանակ:
ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի խոսքերով, ՀՀ մշակույթի նախարարությունը մեծ նշանակություն է տալիս նրան, որպեսզի հայկական կինեմատոգրաֆը բաց լինի միջազգային համագործակցության համար:
«Անհրաժեշտ է նշել, որ այս նախագծի շրջանակներում միջազգային համագործակցությունն արդեն տալիս է իր պտուղները. «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի շրջանակներում ներկայացված ֆիլմերի որոշ նախագծեր ֆինանսավորում են ստանում», - ասաց Մուրադյանը:
«Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի գործընկեր՝ Ռոտերդամի կինոփառատոնի ծրագրերի համակարգող Լյուդմիլա Ցիգովան իր հերթին նշեց, որ «Ոսկե ծիրանի» հետ համագործակցությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար:
«Մենք «Ոսկե ծիրանին» ցուցաբերում ենք ինչպես խորհրդատվական, այնպես էլ ֆինանսական օգնություն», - ասաց Ցիգովան:
Նա նաև տեղեկացրեց, որ ֆորումը կտևի երկու օր, որոնց ընթացքում կանցկացվեն դասընթացներ երիտասարդ կինոռեժիսորների համար:
«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12-ից 19-ը։ Մրցութային ֆիլմերը հանդես կգան ավանդական երեք անվանակարգերում՝ միջազգային-խաղարկային, վավերագրական և Հայկական համայնապատկեր»:-0-