ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի համար ԵՄ մուտք գործելու պահը դեռ չի եկել, կարծում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:
«Ֆրանսիայի նախագահը բազմիցս դեմ է հանդես եկել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը: Ներկայում այս հարցի շուրջ բանակցություններ են վարվում: Այժմ խոսքը երկու տարբեր բաների մասին է՝ անդամակցության մասին բանակցությունների և այն մասին, թե ինչի դրանք կհանգեցնեն, քանի դեռ պահը չի եկել»,- ասաց դեսպանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, խոսելով Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորության մասին, դիվանագետը նշեց, որ Ֆրանսիան միակ երկիրը չէ, որը կասկածներ ունի Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության առնչությամբ:
Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005թ.-ին: Փորձագետների կանխատեսումներով, ԵՄ լիարժեք անդամ Անկարան կարող է դառնալ 10-15 տարվա ընթացքում:
Եվրամիությունը բազմաթիվ անգամ Թուրքիայից պահանջել է բանակցային գործընթացով նախատեսվող արագացված ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել՝ սպառնալով բանակցությունները սառեցնել այսպես կոչված «ինտեգրման դոսյեով»: Անկարայում դրան ի պատասխան հայտարարում են Եվրամիություն ինտեգրման և ակտիվ բարեփոխումներ անցկացնելուն հավատարիմ մնալու մասին:
2009թ.-ի մայիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը արտահայտվել է Թուրքիային ԵՄ արտոնված գործընկերոջ կարգավիճակ, այլ ոչ թե լիարժեք անդամակցություն տրամադրելու օգտին, ինչին ձգտում է հասնել Աբնկարան:
ԳԴՀ կանցլերը սատարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի Թուրքիային դատարկ խոստումներ տալուց և ջանքերը կենտրոնացնի նրա հետ համատեղ տնտեսական ու մշակութային տարածություն ստեղծելու վրա:
Սարկոզին նախկինում ևս դեմ էր հանդես գալիս Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելուն, միևնույն ժամանակ նա առաջարկում էր նրան միանալ Միջերկրական միությանը, որը տարածաշրջանի երկրները միավորող տնտեսական կազմակերպություն է: -0-