ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայ Առաքելական Եկեղեցին վերջին շրջանում հոգևոր վերազարթոնք է ապրում, երկուշաբթի Գերմանիայի եպիսկոպոսաց ժողովի մամլո խոսնակ Մատթիաս Քոֆֆի առաջնորդությամբ մի խումբ գերմանացի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունն ու ներկա գործունեությունը։ Անդրադառնալով հայոց ցեղասպանության և խորհրդային անաստվածության տարիների հետևանքով առաջացած դժվարություններին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այսօր էլ եկեղեցին կանգնած է բազում մարտահրավերների առաջ:
Ըստ Կաթողիկոսի, Հայոց Եկեղեցու համար այսօր առաջնային են քրիստոնեական դաստիարակությունը, հոգևորականների պատրաստությունը, խոնարհված եկեղեցիների վերականգնումն ու նորերի կառուցումը:
«Նորին Սրբությունը նաև ուրախությամբ արձանագրեց, որ վերջին շրջանում հոգևոր վերազարթոնք է ապրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայ Առաքելական Եկեղեցին` հույս հայտնելով, որ Աստծո օգնականությամբ և ջանադիր աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել եկեղեցու առաջ ծառացած շատ մարտահրավերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցեց գերմանացի ուխտավորներին։
Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար` Մատթիաս Քոֆֆն ուրախություն հայտնեց, որ մոտիկից կարողանում են ծանոթանալ Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր պատմությանն ու հոյակերտ եկեղեցիներին:-0-