ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ընտրություն» կուսակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներն անընդունելի է համարում:
««Մադրիդյան սկզբունքներում» առկա առաջարկությունների անգամ մասնակի իրականացումը հավասարազոր է Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի և Հայոց պետականության համար հղի է համապարփակ բնույթի անշրջելի կործանարար հետևանքներով»,- ասվում է կուսակցության՝ «Նովոստի-Արեմենիա» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ:
Կուսակցության անդամների կարծիքով «Մադրիդյան սկզբունքների» որևէ բաղադրիչի իրականացումը հանգեցնելու է հրադադարի միակ երաշխիքը հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը և Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության վերացմանը, համընդհանուր բարոյալքմանը և, որպես հետևանք` Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) զգալի հատվածի շուտափույթ և անդառնալի հայաթափությանը:
Փաստաթղթի համաձայն, տարածքները զիջելու և Արցախում ադրբեջանցի «փախստականներին» բնակեցնելու դիմաց խոստացվող ժամանակագրորեն անորոշ «կամարտահայտությունը», ինչպես նաև միջազգային ցանկացած մակարդակի և կարգի երաշխիքներն ի զորու չեն կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-