Հայկական բանակը տարածաշրջանում ամենաառաջավորներից է, ուրբաթ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սփյուռքահայ երիտասարդության հետ հանդիպման ընթացքում։
«Ղարաբաղյան պատերազմից հետո մենք քայլեր ձեռնարկեցինք կանոնավոր բանակի զարգացման ուղղությամբ։ Այսօր ես կարծում եմ, որ ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով մեր բանակն ամենամարտունակներից մեկն է տարածաշրջանում»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի պաշտպանունակության բարձր մակարդակը, ինչը թույլ է տալիս առանց երրորդ կողմի մասնակցության հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-