ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում ընդունված թիվ 1677 բանաձևն ապացուցում է Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի առկայությունը, կարծում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
«ԵԽԽՎ բանաձևը ցույց է տալիս, որ Հայաստանում դեռ շարունակվում է քաղաքական ճգնաժամը և որ նախորդ բանաձևերն ինքնատիպ ճանապարհային քարտեզ էին այդ ճգնաժամի հաղթահարման համար», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թորոսյանը:
Հունիսի 24-ին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ամային նստաշրջանի ժամանակ քննարկվել է Հայաստանի կողմից՝ ԵԽԽՎ ավելի վաղ ընդունված պահանջների կատարման գործընթացը: ԵԽԽՎ նիստի ընթացքում Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև է ընդունվել՝ թիվ 1677-ը, որի համաձայն երկիրը կշարունակի մնալ մոնիտորինգի տակ: Բանաձևում իշխանությունների գործողություններին մի շարք դրական գնահատականներ են տրվել:
Թորոսյանն ափսոսանք հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը Հայաստանում պատշաճ կերպով չեն ընդունվում, իսկ դրանց ձևակերպումներից երևում է, որ Վեհաժողովի կողմից ավելի վաղ ընդունված որևէ բանաձև ամբողջովին չի իրականացվել:
Նրա խոսքերով, երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար Հայաստանը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, պարտավոր է իրականացել բանաձևում սահմանված բոլոր դրույթները:
Միաժամանակ, նախկին խոսնակն ընդգծել է, որ շատ կարևոր է ճիշտ հասկանալ, որ ոչ մի միջազգային կազմակերպություն երբեք չի լուծում որևէ երկրի խնդիրները, այլ միայն օգնում է սեփական խնդիրները ճիշտ տեսնելու գործում, և միայն երկիրը կարող է սեփական ջանքերով լուծել դրանք:
«Միջազգային կառույցները կարող են ընդամենը իրավական աջակցություն ցուցաբերել խնդիրների լուծման գործում: Բանաձևի ընդունմամբ խնդիրները չեն լուծվում, այլ արձանագրվում են», - պարզաբանեց Թորոսյանը:-0-