Հուլիսի 8-ին Երևանում տեղացած տեղատարափ անձրևի հետևանքով հեղեղվել են մի քանի փողոցներ, դրանց հարող տարածքներ և ստորգետնյա անցումներ։ Ճանապարհներին փոսերում գոյացած ջրակուտակումների պատճառով առաջացել են խցանումներ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԻՆ առընթեր Փրկարար ծառայությունից։
Համաձայն հաղորդագրության, երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Ա. Մյասնիկյան պողոտայում գոյացել են ջրակուտակումներ, որոնցում հայտնված ավտոմեքենաները խցանումներ են առաջացրել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Երևանի ճանապարհային ոստիկանությանը:
Հաջորդ մեկ ժամվա ընթացքում փրկարարների կողմից կցորդման միջոցով ավտոմեքենաները դուրս են բերվել ջրափոսերից:
Նույն օրը ստացված բազմաթիվ ահազանգերի համաձայն` տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերի կուտակումներ են առաջացել մայրաքաղաքի՝ փողոցներին հարող տարածքներում, ինչպես նաև գետնանցումներում։
Դեպքերի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի ու համապատասախան վարչական շրջանների կոմունալ բաժինների և փրկարար ծառայության` Երևանի համայնքային բաժինների աշխատակիցներին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակի կոմունալ բաժինները:
Դեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը:
Երեկոյան փրկարարների կողմից կցորդման միջոցով ավտոմեքենաները դուրս են բերել ջրածածկ տարածքից, և երթևեկությունը վերականգնվել է: -0-