ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության հարցում ուժի չկիրառման մասին պայմանագրի կնքումը:
«Իհարկե, դա հնարավոր է, և ուժի չկիրառման սկզբունքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքների կենտրոնական հարցերից մեկն է: Բանակցային գործընթացում մենք փորձում ենք գտնել այդ սկզբունքը կյանքի կոչելու ուղիները», - չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բրայզան:
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի խոսքերով, Մոսկովյան հռչակագրում կողմերը համաձայնել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
«Մենք բազմիցս ասել ենք, որ պատերազմը տարբերակ չէ, քանի որ այն ոչինչ չի լուծում», - հայտարարել է Ֆասյեն:
Միաժամանակ ֆրանսիացի համանախագահը նշել է, որ այժմ միջնորդներն աշխատում են մի փաստաթղթի վրա, որը կհամակցեր բոլոր սկզբունքները (ուժի չկիրառումը, ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները), քանի որ այս սկզբունքներից մեկի գերակայությունը հակամարտության կարգավորման չի հանգեցնի:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-