ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կկայանա հուլիսի կեսերին «ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավ» ոչ ֆորմալ միջազգային միջոցառման ժամանակ։ Վերջին անգամ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

