Լրագրողներին թույլ չեն տվել ներկա լինել Հայաստանի գրողների միության համագումարին, հաղորդել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Լրագրողների համագումարին թույլ տալու կամ չտալու մասին հարցը դրվել է համագումարի մասնակիցների քվեարկությանը, և գրողների ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկել լրատվամիջոցների ներկայությանը:
Այնուամենայնիվ, «ընտրյալ» թղթակիցները միջոցառմանն, ամեն դեպքում, ներկա են եղել: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտարարել է Գրողների միության ներկայացուցիչը, մուտքն ազատ է միայն այն լրագրողների համար, ում հրավիրել են միջոցառման կազմակերպիչները:
Սակայն մի քանի րոպե անց նույն աշխատակիցն իր ասածը ձայնագրիչի մոտ կրկնելու խնդրանքին ի պատասխան հայտարարել է, որ համագումարի աշխատանքները լուսաբանելու համար անհրաժեշտ էր նախօրոք հավատարմագրվել:
Ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հեռախոսով ճշտել էր Գրողների միության համագումարի անցկացման վայրն ու ժամանակը հենց Միությունից, սակայն Միության աշխատակիցը չէր տեղեկացրել համավատարմագրվելու անհրաժեշտության մասին:
Ավելին, հայկական օրենսդրության մեջ հասարակական կազմակերպությունների աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրման պահանջ չկա:
Փորձագետների կարծիքով, լրագրողների օրինական գործունեության համար ստեղծված խոչընդոտների պատճառն այն է, որ Գրողների միությունը չէր ցանկանում համագումարի ժամանակ, որի ընթացքում տեղի կունենան Միության նախագահի ընտրությունները, «կռիվը տնից» դուրս հանել:
Բանն այն է, որ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի, այդ պաշտոնին հավակնող Ռազմիկ Դավոյանի և նրանց կողմնակիցների միջև հակասությունը հասել է բարձրակետի: Հակամարտող կողմերը, ներկայացնելով իրենց դիրքորոշումները, չէին զսպում իրենց արտահայտությունները՝ ամենատարբեր տեսակի մակդիրներ օգտագործելով իրենց ընդդիմախոսների հասցեին:
Պատահական չէ, որ գրողներն անհանգստության հիմնավորված զգացում ունեին և սպասում էին, որ աղմկահարույց վեճ կլինի, որի ժամանակ մամուլի ներկայությունը ոչ մի դեպքում ցանկալի չէ:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարծիքով, իրենց իրավունքների նման կոպիտ խախտում թույլ չէր տվել նույնիսկ պետական որևէ կառույց կամ հասարակական կազմակերպություն:-0-